ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տղա ես՝ պիտի ծեծվես». Ինչի՞ հետևանքով է մահացել էջմիածինցի 15-ամյա պատանին․ ողբերգության հետքերով

Միացրեք մեզ Telegram-ում

«Նարեկն է խնդրել, որ ասեն հեծանիվից է ընկել»․ հիվանդանոցում հոսպիտալացում են առաջարկել, ինչից տղայի ընտանիքը հրաժարվել է

News.am-ը գրում է․ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում երեկ հողին են հանձնել 15-ամյա Նարեկ Հովհաննիսյանին։ 10–րդ դասարանցի պատանին մահացել էր Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցում համադասարանցիների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից օրեր անց։

Առայժմ հստակ չէ՝ Նարեկը ծեծի հետևանքով է մահացել, թե՞ առողջական այլ խնդիրներ է ունեցել։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ երկու հոդվածով․ մի խումբ անձանց կողմից անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելը և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը։ Քննչական կոմիտեից ասում են՝ տվյալներ ունեն, որ անչափահասը նաև շնչառական խնդիրներ է ունեցել։

Դեպքի օրը Նարեկը աջ դաստակի և աջ ազդրի շրջանում ցավեր է ունեցել, երկու օր անց միայն դիմել է Էջմիածնի հիվանդանոց, ստացել առաջին բուժօգնություն եւ տուն գնացել։ Եվս երկու օր հետո տղայի մոտ ցավերը խորացել են, այս անգամ դիմել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բժշկական կենտրոն։

Ծնողն ասել է՝ երեխան վայր է ընկել հեծանիվից։ Հիվանդանոցում հոսպիտալացում են առաջարկել, ինչից տղայի ընտանիքը հրաժարվել է, և գնացել տուն: Նույն օրը՝ երեկոյան, տղայի մոտ սկսվել է շնչառական անբավարարություն։ Հաջորդ օրը նա կրկին դիմել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ և հեպատոմեգալիա, հետագայում նաև սեպսիս։

Ինչից է տղայի մոտ առաջացել մահվան պատճառ դարձած սեպսիսը՝ ծեծի հետեւանով ստացած վնասվածքի՞ց, թե՞ առողջական այլ խնդրից, ցույց կտա դատաբժշկական փորձաքննությունը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ