Վթարի է ենթարկվել 36-ամյա բլոգերը, ով քննադատում էր «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանին/լուսանկար/

Jeep Grand Cherokee-ով վթարի է ենթարկվել 36-ամյա բլոգերը, ով քննադատում էր «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00–ի սահմաններում 36-ամյա Արսեն Հակոբյանը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի 21 GR 100 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի Լեռնագործների փողոցի վերջնամասում դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հակոբյանը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մամիկոն Թորոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Հակոբյանը բլոգեր է, ով վերջին ժամանակահատվածում դիրքերից ուղիղ եթեր է մտնում և ներկայացնում իրավիճակը, ինչպես նաև քննադատում իրեն քննադատած բլոգերներին, այդ թվում՝ հանրությանը հայտնի «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանին, ով յութուբյան իր «Հանրային ձայն»-ով մի քանի անգամ անդրադարձել է Ա. Հակոբյանին: