Մոլորեցրել են հակառակորդին ու դուրս եկել շրջափակումից

Ինչպես նախորդ պատերազմներում, սեպտեմբերի 13-ին իրականացված ադրբեջանական հարձակման ժամանակ էլ հայ զինծառայողներն աչքի են ընկել բացառիկ խիզախությամբ ու մարտական քաջությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է դրանցից մի քանիսը:

Այսպես. 2022 թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի հարձակման ժամանակ N մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տարոն Մհերի Գալոյանը ճշգրիտ ուղղորդելով հրետանու կրակը՝ կասեցրել է թշնամու առաջխաղացումը, կրակային աջակցություն ցուցաբերել հարևան դիրքերին: Մարտական դիրքի անձնակազմը պարբերաբար ճշգրիտ նշանացուցում է տվել հրաձգային գումարտակի ականանետային մարտկոցին՝ թշնամու առաջխաղացումը կասեցնելու նպատակով, որի արդյունքում հետ են շպրտել հարձակվող գրոհային խմբերը՝ պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ:

Մարտական դիրքի անձնակազմը հմուտ ու վստահ գործողություններով ոչնչացրել է հակառակորդի զինամթերքի պաշարները, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Հովհաննես Ռոբերտի Հարությունյանը «ԿՈՐԴ» տեսակի գնդացրով դիպուկ կրակով ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժն ու ամբողջությամբ այրել թշնամու հենակետը:

2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումների նախահարձակ գործողությունների ընթացքում N զորամասի դիվիզիոնի Դ-30 հրետանային մարտկոցը՝ կապիտան Արկադի Իշխանի Բարսեղյանի հրամանատարությամբ, զբաղեցրել է կրակային դիրքեր, անցել մարտական խնդրի կատարմանը և, հակառակորդի կրակը վերցնելով իր վրա, ապահովել է մյուս ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրից անվտանգ դուրսբերումը դեպի կիրառման շրջաններ, տեղաշարժն ու բացազատումը:

Ռազմական գործողությունների ընթացքում հրետանային մարտկոցը դիպուկ կրակով բազմիցս կասեցրել է թշնամու գրոհային խմբերի և ռազմական տեխնիկայի առաջխաղացումը, ճնշել հրետանու կրակային դիրքերը՝ հասցնելով մեծաթիվ կորուստներ:

2022 թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 12:30-ի սահմաններում, հակառակորդը մեծաթիվ ուժերով շրջափակման մեջ է վերցրել N զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկը և անձնակազմից պահանջել վայր դնել զենքերը ու հանձնվել: Դասակի հենակետի պատասխանատու, լեյտենանտ Գևորգ Կարենի Հարությունյանն ու դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրայր Ապրեսի Ներկարարյանը՝ գնահատելով իրավիճակն ու չենթարկվելով թշնամու պարտադրանքին, խելամիտ և հմուտ գործողություններով հակառակորդին մոլորեցրել են և դուրս եկել շրջափակումից:

2022 թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 12:10-ի սահմաններում, տանկային և հրետանային ուժգին գնդակոծությունից հետո թշնամին պաշտպանության գոտու N մարտական դիրքի աջ և ձախ ուղղություններով գրոհ է ձեռնարկել: Գնահատելով իրավիճակը՝ մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիևի հրամանատարությամբ անձնակազմը խելամտորեն իրականացնում է խուսավարում և զուգահեռաբար վերադաս հրամանատարությանն է փոխանցում նրանց կոորդինատները, ինչի արդյունքում մեր հրետանին դիպուկ համազարկերով ոչնչացնում է թշնամուն: