Զինծառայողները սեփական միջոցներով են ցեմենտ, ավազ գնում՝ դիրքերը կահավորելու համար. Ահազանգ սահմանից

MediaHub-ը Նոյեմբերյանի շրջանից ահազանգ է ստացել, որ սահմանի դիրքերը կահավորելու համար զինծառայողները սեփական ուժերով ու գումարներով են գործընթացը նախաձեռնել:

Մասնավորապես, գումար են հավաքում, որպեսզի ցեմենտ, ավազ տեղափոխվի դիրքեր: Նախաձեռնել են նաև այդ ամենը դիրքեր հասցնելու մեքենայի ծախսը հոգալու հարցը: Հարցին՝ ինչո՞ւ իրենք, այլ ոչ պետությունը, եղավ պատասխանը.

«ՊՆ-ն չի զբաղվում, ոչ էլ բանի տեղ են դնում, երբ այս հարցը բարձրաձայնվում ա: Դե մենք էլ որոշեցինք մեր ուժերով անենք, որովհետև ոչ թե ՊՆ-ն է կրակի տակ, այլ մենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Հասկանալի պատճառներով չենք նշում, թե կոնկրետ որ դիրքերի մասին է խոսքը: Թեև մեր զրուցակիցը վստահություն հայտնեց, որ իրենք միակը չեն, որ նման խնդրի առաջ են հայտնվել ու տեղյակ է, որ այլ մարզերում էլ են զինծառայողներն իրենց գումարներով ու սրտացավ մարդկանց օգնությամբ այդ գործընթացն իրականացնում: