«Եղբորս տղան ծանր վիրավորում է ստացել». ինչ է հայտնում զինվորի հարազատը

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ՝ օգոստոսի 6-ին, հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում ադրբեջանցու արձակած կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել եղբորս տղան ու տեղափոխվել Երևան։ «Խաղաղ» ենք ապրում Հայաստանում։
Այս մասին դեռ որևէ պաշտոնական հրապարակման չեմ հանդիպել»։

News.am-ի հետ էլ զրույցում Գևորգյանը նշել է.

«Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից է Նվերը վիրավորում ստացել, նրան անմիջապես տարել են Վարդենիսի հոսպիտալ, այնտեղից էլ ռեամոբիլով տեղափոխվել է Երեւան: Վիրավորում ստացել է նստատեղի հատվածում, սակայն արյունահոսություն չի եղել: Նվերը 1.5 տարվա ժամկետային զինծառայող է, զորացրվելու է փետրվարին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ից հայտնել են հայ-ադրբեջանական սահմանին վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայողի մասին:

«Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,-ասվում է հաղորդագրությունում: