Ծննդաբերությունից հետո սեռական կյանքի վերսկսումը կնոջ, երբեմն նաև ամուսնու համար կարող է բարդությունների պատճառ հանդիսանալ

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը անդրադարձ է կատարել ծննդաբերությունից հետո կնոջ սեռական կյանքի վերսկսմանը։

«Ծննդաբերությունից հետո սեռական կյանքի վերսկսումը կնոջ, երբեմն նաև ամուսնու համար կարող է որոշակի բարդությունների պատճառ հանդիսանալ։
Այն հանգամանքը, որ պայմանավորված ֆիզիոլոգիական վիճակով, հղիության վերջին ամիսներին ամուսինները խուսափում են սեռական կյանքից, հաճախ հանգեցնում է սեքսուալ ֆունկցիայի ապամարզվածության. դա սեքսոլոգիական ֆենոմեն է և երկարատև ժամանակ սեռական կյանքի բացակայության պատճառով հանդիսանում է սեքսուալ ֆունկցիայի խանգարման գործոն:

Սեռական կյանքի վերսկսումը թե բնական ճանապարհով ծննդաբերությունից թե կեսարյան հատման միջոցով ծննդալուծումից հետո էականորեն չեն տարբերվում միմյանցից և պայմանավորված է կնոջ օրգանիզմի վերականգնման ֆունկցիոնալ ունակությամբ: Մանկաբարձա-գինեկոլոգիական տեսանկյունից կնոջ առողջական բավարար վիճակը հիմք է սեռական կյանքը վերսկսելու համար:

Երբեմն առաջ եկած ծննդաբերական պատռվածքների, կարերի կամ սպիների առկայությունը կարող են կնոջ մոտ սեռական հարաբերության ժամանակ ցավերի պատճառ հանդիսանալ, դրան կարող է նպաստել այդ շրջանում դիտվող լյուբրիկացիայի (խոնավացման) անբավարարությունը:
Սեռական հարաբերության ցավային խանգարումները բավականին արդյունավետ բուժվում են և վերականգնվում է զույգի սեքսուալ ներդաշնակությունը:

Հետծննդյան շրջանում հաճախ արձանագրվում է կնոջ սեռական ցանկության նվազում՝ դա պայմանավորված է պրոլակտին հորմոնի բարձրացմամբ, ինչպես նաև մայրական դոմինանտի գերակշռմամբ, ինչու չէ նաև երեխայի խնամքով պայմանավորված գերհոգնածությամբ:
Այս խնդիրները ժամանակավոր բնույթ են կրում և չպետք է ամուսինների միջև կոնֆլիկտի պատճառ հանդիսանան. ամուսնու հոգատարությունը կնոջ ու երեխայի և միմյանց նկատմամբ սերը կօգնեն հաղթահարել խնդիրը:

Անհրաժեշտության դեպքում նաև կարող են իրականացվել սեքսոլոգիական վերականգնողական բուժում»: