«Վերադարձ» ֆիլմի պրեմիերան եւ կարմիր գորգը. մանրամասներ

Երեկ մեծ էկրան բարձրացավ «Վերադարձ» հայ-կիպրական համատեղ արտադրության կինոնկարը: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում եւ Կիպրոսում:
Ֆիլմի ռեժիսորը Արման Գեւորգյանն է, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը, օպերատորը՝ Արման Աբովյանը:
Նկարահանման աշխատանքներն ընթացել են  2019 թ-ին, այն իրական պատմության հիման վրա է, որի գաղափարի հեղինակը գլխավոր հերոսներից մեկին մարմնավորող՝ կիպրոսաբնակ հայ երաժիշտ Յուրի Մելիքովն է, որն իր իսկ խոսքով՝ մարմնավորում է ինքն իրեն: Յուրին նաեւ ֆիլմում հնչող երաժշտության հեղինակն է:
Ֆիլմն այն մասին է, թե ինչպես են հայրենիքի եւ սիրած աղջկա հանդեպ ունեցած անսահման սերն ու նվիրվածությունը ստիպում սփյուռքում ծնված եւ մեծացած երիտասարդին գնալ անձնազոհության։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ Ալեքսանդր Խաչատրյանը, Դիանա Մալենկոն, Լուիզա Ղամբարյանը, Անահիտ Կիրակոսյանը եւ Արսեն Լևոնյանը: «Վերադարձի» պրեմիերայից առաջ ստեղծագործական կազմը հանդես եկավ մամուլի ասուլիսով:

«Ֆիլմում ունենք երկու պատմություն, որոնք ընթանում են զուգահեռ եւ որոնք մասամբ իրական են, իհարկե, գեղարվեստական մոտեցմամբ»,- նշում է ֆիլմի ռեժիսորը։
Մի պատմությունը ժանրային առումով մելոդրամա է երիտասարդ զույգերի մասին, որոնք հանդիպում են Երեւանում։ Երկուսն էլ Հայաստանից չեն, բայց հայ են, եւ իրենց մեջ սկսվում է սիրային պատմություն։ Երկրորդ պատմությունը սիրիաբնակ ընտանիքի մասին է, որը կռվի պատճառով ստիպված է լինում փախչել Հայաստան, բայց մասնակի է հասնում։ Եվ ամբողջ ֆիլմի ընթացքում կինոդիտողը հետեւելու է, թե այդ ընտանիքն ինչ փորձությունների միջով է անցնելու եւ ինչ ճակատագիր է ունենալու»,- մանրամասնում է ֆիլմի ռեժիսոր Արման Գեւորգյանը։

Սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանի խոսքով, այս ֆիլմը բացառիկ է նրանով, որ բոլոր հերոսները սփյուռքահայեր են.«Մենք էդպիսի ֆիլմ չենք ունեցել։ Այսինքն՝ սա պատմություն է Սփյուռք-Հայրենիք կապի մասին, սա պատմություն է հայորդու մասին, որը ապրելով դրսում, այդ կապերը այնքան ամուր են հայրենիքի հետ, որ ակամայից թե ճակատագրի բերումով ստացվում է այնպես, որ ինքը դառնում է մեկ այլ հայ ընտանիքի փրկության պատճառը։ Որպես ֆիլմ ստեղծելու համար Յուրին հայերեն երգեր էր գրել, որոշել էինք սյուժե մտածել կլիպի համար։ Բայց երբ որ սկսեցինք մտածել, հասկացանք, որ նյութն այնքան շատ է, որ սա ֆիլմ պետք է դառնա։ Չնայած մեր ֆիլմի հիմքում սերն է, սիրո պատմությունն է դոմինանտը, բայց այդուհանդերձ, ամբողջ պատմությունը սիրո մասին չէ։ Բավականին լուրջ հարաբերություններ կան՝ ծնող-երեխա, սիրած մարդ, հայրենիքի հանդեպ վերաբերմունք։ Ֆիլմի վերջում մեր հերոսը ճակատագրական որոշում է ընդունում եւ գալիս է հայրենիք մշտական բնակության։ Մեսիջը դրա մեջ է»։

Նկարահանումները տեղի են ունեցել նաև Կիպրոսում, զինվորական հատվածի նկարահանումները իրականցվել է Կիպրոսի ԶՈւ-ի հետ համատեղ և նրանց օժանդակությամբ։