Դհոլահար որդուն հայրը ձեռքերից է ճանաչել. «Սարոն երաժիշտ էր, դհոլ էր նվագում, պապան ձեռքերից ա ճանաչել՝ թաթերը լայն էին»

«Մեր հարազատները եկան, ասեցի՝ խնդրում եմ, գոնե ասեք, որ վիրավոր ա, բոլորը գլուխները կախեցին, ու ես էլ չեմ հիշում՝ ոնց եմ ընկել միջանցքում»,- արցունքների միջից ասում է Լիլիթ Ներսիսյանը, որը պատերազմում կորցրել է 19-ամյա որդուն։

Կրտսեր սերժանտ Սարիբեկ Մկրտչյանը ժամկետային զինծառայող էր, հաշվարկի հրամանատար, սկզբում ծառայել է Կուբաթլուում, այնուհետև՝ Կապանում, պատերազմից 20 օր առաջ տեղափոխվել է Ջրական՝ զորավարժությունների։

«3 ամիս բան էր մնացել, որ տուն գար»,- հուզմունքով ասում է մայրն ու նշում՝ որդին պատերազմական գործողություններին մասնակցել է հաշված օրեր, զոհվել է սեպտեմբերի 30-ին։

«Հենց պատերազմն սկսվել ա, իրանք առաջին օրից եղել են Արաքսի աջ ափին։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան դիրքափոխվելուց 9 հոգով են եղել մեքենայի վրա, «Բայրաքթարն» ընկել է երեխեքի վրա, որոնցից երկուսն են ողջ մնացել ծանր վիրավորումով»,- ասում է Լիլիթը։

Մայրն ասում է՝ հարազատներն արդեն հաջորդ օրը տեղյակ են եղել, սակայն ինքն իմացել է 2 օր անց։

«Ես զանգում էի, անհասնելի էր, հետո քիչ-քիչ իմանում են ծանոթները։ Երաժիշտ էր, դհոլ էր նվագում, պապան իրա ձեռքերից ա ճանաչել՝ թաթերը լայն էին։ Ամսի 2-ին գիշերը 11։30-ին վերջին մարդն եմ եղել, որ իմացել է»,- ասում է ու հուզվում մայրը։

Սարիբեկ Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով։

Կենսուրախ, կամեցող, բարի, հայրենասեր, իր կյանքը առանց երաժշտության չէր պատկերացնում՝ պատմում է մայրը որդու մասին։

«6 տարեկանից նվագել ա, հետո համակարգիչներով սկսեց հետաքրքրվել, համ ուզում էր ծրագրավորող դառնալ, համ երաժիշտ։ Նաև շատ լավ պատմություն գիտեր, ու շատ էր իրա վրա ազդում, երբ կարդում էր՝ հողերը մնացին թշնամուն, ահավոր ծանր էր տանում»,- ասում է մայրը։

Մայրը նշում է, որ որդին շատ հոգատար ու ուշադիր էր, երբ փոքր քրոջ ծննդյան օրն է մոտեցել, Սարիբեկը բանակից զանգել է քրոջը ու հարցրել՝ ի՞նչ նվեր է ուզում։

«Քուրիկն ասեց՝ հեծանիվ եմ ուզում, Սարոն ծնունդի օրը զանգեց, հորն ասեց՝ պա՛պ, առաքիչը բան ա բերելու, կիջնես-կվերցնես: Հերն իջնում ա, տեսնում՝ հեծանիվ են բերել։ Զանգել եմ, հո չեմ լացում, ասում եմ՝ դու քո գումարը հավաքել ես, մենք քեզ փող ենք ուղարկում, որ քո համար ծախսես, հավաքել ես, որ քրոջդ հեծանի՞վ առնես, էնտեղից ուղարկես: Կատակով ասում էի՝ չեմ հասկանում, քեզ բանա՞կ եմ ուղարկել, թե՞ խոպան»։

Սարիբեկը մինչև բանակ գնալը սովորել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում, սովորելուն զուգահեռ աշխատել է։

«Մեկ էլ գալիս էր, ասում էր՝ գործի եմ ընդունվել, ասում էր՝ իմ գրպանում պիտի փող ունենամ, հո ձեզնից չե՞մ ուզելու: Սուպերմարկետում գանձապահի մոտ կանգնում էր, փաթեթավորում սնունդը, նաև առաքումներ էր անում»,- ասում է մայրը։

Որդու զոհվելուց հետո Լիլիթն ասում է՝ շատ ծանր է, եթե սկզբում շատ դժվար էր համակերպվելը, որ որդին չկա, այսօր էլ կարոտն է խեղդում։

«Էդ կարոտը ոնց որ մեզ սպանի, ուղղակի երկու աղջիկներովս ուժ ենք գտել, որովհետև իրավունք չունենք լրիվ կոտրվելու, Սարոյիս դուր չէր գա տենց: Էս երեխեքն էլ ի՞նչ անեն, հերիք չի՝ մեծ ախպորն են կորցրել, մի հատ էլ ծնողների՞ն կորցնեն: Էդքանը գիտակցում ենք, էդ հույսով-ներշնչանքով ապրում ենք։

Ուղղակի սպասում ենք էն օրվան՝ ո՞վ ա մեզ էս ամեն ինչի համար պատասխան տալու, ինչի՞ սենց արեցին։ 20 տարի պահեցինք-մեծացրեցինք, ու 20 վայրկյանում մեր երեխեքին սենց արեցին»,- ասում է ու հուզվում մայրը։

Արփինե Արզումանյան