Այն ինչի միջով անցում ենք ես և իմ նման հազարավոր որդեկորույս ծնողներ` դժոխքից էլ վատ է. «Արցախի հերոս» Ալեն Մարգարյանի մայրիկը` որդու վերջին զրույցի եւ ապրելու բանաձեւի մասին

Iravunk.com-ը գրում է․

«Հերոսը մեր բակից» խորագրի շրջանակներում այս անգամ ներկայացնում ենք Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման` «Ոսկե արծիվ» շքանշանի արժանացած Ալեն Լևոնի Մարգարյանը:

Մեկուկես ամսվա ծառայող տղան արդեն հասցրել էր աչքի ընկնել. նա անգլերեն է պարապել ծառայակիցների հետ, սփյուռքից եկած հայորդիներին օգնել է հայերենը կատարելագործելու հարցում: 5 օտար լեզուների տիրապետող 21-ամյա Ալենը սովորելու հրավեր ուներ Բոստոնի համալսարանից, բայց դա ու մյուս երազանքները ստորադասվել են հայրենիքին ծառայելու գիտակցական որոշմանը: Ալենը զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, Մատաղիսում։

Ալենի պարագան հետաքրքիր է՝ նա միայն չի կռվել, նա կռվողներին հաց է տարել ուղղակի թաքստոցից դուրս գալով։ Առաջադրանքն է այդպիսին եղել։ Նա էլ եղել է միակ համաձայնվողը։ Եվ զոհվել է հենց հաց տանելու ժամանակ՝ անօդաչուի հարվածից:

Որն՞ է եղել հերոսի վերջին զրույցը մայրիկի հետ, ինչից հետո հերոսածին մայրն անգամ փոշմանել է իր տված հարցից, ի՞նչ կասեր Ալենը, եթե այսօր ողջ լիներ, ինչն՞ է հերոսածին մայրիկին ապրելու ուժ տալիս, ի՞նչ է զգում հերոս որդուն կորցրած մայրը ամեն անգամ երգ-երաժշտությունների, քեֆերի ականատես լինելիս այս եւ այլ հարցերի շուրջ ծավալվեց մեր զրույցը «Արցախի հերոս» Ալեն Մարգարյանի մայրիկի` Նազելի Տերտերյանի հետ:

-Տիկին Նազելի, հաճա՞խ եք Ալենին տեսնում երազում:

-Որդուս անմահանալուց հետո ընդամենը երկու անգամ եմ նրան տեսել երազումս: Երկու դեպքում էլ լուռ էր որդիս, տխուր ու շատ մտահոգ: Երկու դեպքում էլ ոչինչ չասեց:

Ալեն Լևոնի Մարգարյան - Հանրային հեռուստաընկերություն

-Կհիշե՞ք Ձեր վերջին զրույցը մեր հերոսի հետ:

-Վերջին զրույցը սեպտեմբերի 29-ին` երեկոյան ուշ ժամի էր: Ալենին խնդրեցի, որպեսզի առողջական խնդիրներով պայմանավորված նրան հոսպիտալացնենք, այդ կերպ ժամանակ շահենք` մինչեւ պատերազմը ավարտվի: Որովհետեւ մտածում էինք, որ ապրիլյանի նման օրերի ընթացքում կավարտվի պատերազմը: Խնդրեցի, հորդորեցի, որպեսզօի համաձայնություն տա, որպեսզի իրեն հոսպիտալացնենք: Սակայն ստացա շատ կտրում, շատ հաստատակամ պատասխան. «Մա՛մ, հոսպիտալը վիրավոր զինվորի համար է, չհամարձակվես ինձ դասալիք դարձնել»: Սա էր որդուս վերջին պատասխանը:

Վա՛յ մայրիկ ջան, աշխարհը պետք է սիրե՛լ, ո՜չ թե նրա վրա բարկանալ. Ալեն Մարգարյան

-Իսկ, Ալենը առողջական խնդիրնե՞ր ուներ, որ նրան ցանկանում էիք հոսպիտալացնել:

-Այո, մի շարք առողջական խնդիրներ ուներ որդիս: Ուներ հազվադեպ հանդիպող` Ժիլբերնի համախտանիշ, որի առկայության դեպքում անգամ ազատվում են ծառայությունից, ուներ ողնաշարի սկոլիոզ, ուներ հարթաթաթություն, ուներ բավականին լուրջ խնդիրներ շնչուղիներում: Եվ այսքանով հանդերձ զորակոչվել է ծառայության, որովհետեւ այդ փաստերից եւ ոչ մեկի վրա ուշադրություն չեն դարձրել:

Ալեն Մարգարյանը անմահացավ, նա զոհվեց, որ մենք ապրենք․ զոհված զինծառայողի մայր