Որոնք են աղիների քաղցկեղի մասին հուշող ամենատարածված ախտանշանները

Աղիների քաղցկեղը կամ կոլոռեկտալ քաղցկեղն այս հիվանդության ամենավտանգավոր տեսակներից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում: Սա այն ախտաբանություններից է, որոնց բուժման արդյունավետությունը կախված է դրա վաղ ախտորոշումից, քանի որ ժամանակին հիվանդությունը չախտորոշելու դեպքում բուժումը կարող է անարդյունավետ լինել։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են զգոն լինել, պարբերաբար բուժզննում անցնել և անուշադրության չմատնել խնդրի մասին հուշող ախտանշանները, քանի որ միայն այդ դեպքում կհաջողվի հայտնաբերել հիվանդությունը զարգացման վաղ փուլերում և միջոցներ ձեռնարկել դրանից ազատվելու համար։ Սակայն խնդիրն այն է, որ աղիների քաղցկեղը կարող է դրսևորվել ոչ շատ ակնհայտ ախտանշաններով, ուստի շատերը դրանք անգամ չեն նկատում կամ վերագրում են այլ խնդիրներին, ինչի հետևանքով հիվանդությունն ախտորոշվում է չափազանց ուշ։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են կոլոռեկտալ քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։Առհասարակ աղիների քաղցկեղն ընդհանրական տերմին է, որով բնութագրվում են հաստ աղիքում կամ ուղիղ աղիքում զարգացած քաղցկեղի բոլոր տեսակները։ Այս հիվանդության վաղ ախտանշանները սովորաբար աննկատ են մնում, ուստի հաճախ մարդիկ անգամ չեն էլ կասկածում ռիսկային խմբում գտնվելու մասին։ Այնուամենայնիվ մասնագետները վստահ են, որ բավական զգոն լինելու դեպքում հնարավոր կլինի ժամանակին հայտնաբերել ախտաբանությունը՝ զգալիորեն բարձրացնելով բարեհաջող բուժման հավանականությունը։

Բրիտանական Bowel Cancer UK կազմակերպության տվյալներով՝ այս հիվանդության ամենատարածված ախտանշանն աղիների աշխատանքի ռեժիմի կայուն փոփոխությունն է, որին մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում։ Բացի այդ, աղիների քաղցկեղի մասին կարող են հուշել նաև արյունահոսությունն ու կղանքի մեջ արյան հետքերի առկայությունը, որոնք ևս չի կարելի անտեսել։

Հիվանդության մասին նախազգուշացնող մյուս ախտանշանների շարքին են դասվում քաշի անբացատրելի կորուստը, անբացատրելի սաստիկ հոգնածությունը, ինչպես նաև որովայնի ցավն ու արտասովոր պնդացումները։Այս ախտանշանները սովորաբար լուրջ անհանգստություն են առաջացնում հիվանդների մոտ, սակայն Bowel Cancer UK-ի մասնագետները նշում են, որ դրանք ոչ միշտ են պայմանավորված լինում չարորակ նորագոյացությամբ։ Մասնագետների խոսքով՝ նմանատիպ ախտանշաններով կարող են դրսևորվել նաև ոչ այդքան վտանգավոր ախտաբանությունները, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա։

Այնուամենայնիվ՝ բժիշկները հորդորում են անպայման բուժզննում անցնել հնարավոր խանգարումները հայտնաբերելու և միջոցներ ձեռնարկելու համար, քանի որ բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում նաև քաղցկեղի դեպքում բուժման արդյունավետությունը կախված է լինում խնդրի վաղաժամ ախտորոշումից։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ